вторник, 5 августа 2014 г.

Արթիկի թեմի «Սաղմոս» երգչախումբը այցելեց Գուգարաց թեմ և հանդիպում ունեցավ Վանաձորի հոգևոր երգչախմբերի հետ


Արթիկի թեմի նորաստեղծ մանկա-պատանեկան եռաձայն «Սաղմոս» երգչախումբը օգոստոսի 3-ին ուխտագնացություն իրականացրեց Գուգարաց թեմի մի քանի եկեղեցիներ և հանդիպեց տեղի 3 երգչախմբերի հետ: Ուխտավորներն եղան Սպիտակի սբ. Հարություն եկեղեցում, որից հետո այցելեցին Վանաձորի սբ. Սարգիս եկեղեցի և մասնակցեցին Պատարագին: Տեղի Երիտասարդաց միության անդամները ջերմորեն ընդունեցին Արթիկի «Սաղմոս» երգչախմբին և ուղեկցեցին ուխտագնացության ողջ ընթացքում:

Երգչախումբը եղավ նաև առաջնորդանիստ սբ. Նարեկացի եկեղեցում, որտեղ լսեցին Պատարագը և հնարավորություն ունեցան Եկեղեցու վերնահարկից ունկընդրելու արհեստավարժ երգչախմբի երգեցողությունը: Սբ. Նարեկացի եկեղեցու երգչախմբի ղեկավար Ռուզաննա Մխիթարյանը ներկայացրեց իրենց գործունեությունը և իրականացված միջոցառումները: Տիկին Մխիթարյանը ծանոթացավ Արթիկի թեմի երգչախմբի անդամների հետ և ողջունեց նրանց կատարած ուխտը՝ մաղթելով նորաստեղծ երգչախմբին հաջող համերգային ուղի:
Հավարտ սրբազան Պատարագի՝ թեմի առաջնորդ Սեպուհ Սրբազանը ընդունեց Արթիկի թեմի երգչախմբին՝ իր օրհնությունը և բարեմաղթանքները հղելով ուխտավորներին:
Ոխտագնացության ավարտին ուխտավորներն այցելեցին նաև սբ. Աստվածածին եկեղեցի և հանդիպեցին տեղի նույնանուն երգչախմբի հետ: Ղեկավար Սերգեյ Հարությունյանը հակիրճ ներկայացրեց իրենց երգչախմբի պատմությունը, խոսեց շարականների երգեցողության կարևորության մասին: Ուխտավորները լսեցին նաև երգչախմբի կատարումներից: Այնուհետև ունկընդրեցին «Սաղմոս» երգչախմբին, որը ներկայացավ հոգևոր և ազգային Կոմիտասյան երգեցողությամբ:
Հանդիպման ավարտին «սբ. Աստվածածին» և «Սաղմոս» երգչախմբերը երգեցին միասին:
«Սբ. Աստվածածին» բազմավաստակ երգչախմբի ղեկավար Սերգեյ Հարությունյանը գնահատեց «Սաղմոս»-ի պատրաստվածությունը և հաջող ընթացք մաղթեց Արթիկի երգչախմբին: Երկուստեք ցանկություն հայտնեցին այս հանդիպումները շարունակական դարձնել և առաջիկայում հանդես գալ համատեղ միջոցառումներով և ծրագրերով: